Կենսագրություն

Անվանի բժիշկը ծնվել է Թուրքիայի Չորլու քաղաքում։

Բարձրագույն կրթությունն ստացել է Բուլղարիայում՝ 1938 թվականին ավարտելով Սոֆիայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1939 թվականին զբաղեցրել է բժշկական ֆակուլտետի վիրաբուժության ամբիոնի ասիստենտի պաշտոնը, որով և երիտասարդ վիրաբույժը սկսել է իր գիտամանկավարժական գործունեությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հայրենադարձվել է և 1946 թվականից աշխատել Հայրենական պատերազմի հաշմանդամների բուժման համար Երևանում ստեղծված հոսպիտալում՝ որպես վիրաբուժական բաժանմունքի վարիչ։

1947 թվականին նշանակվել է վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, այդ պաշտոնը վարել շուրջ 10 տարի։

Ուսումնասիրել է վերին շրթունքի բնածին արատների կլինիկան և բուժման եղանակները։ 1953 թվականին ամփոփելով իր ուսումնասիրությունների արդյունքները՝ պաշտպանել է «վերին շրթունքի բնածին ճեղքվածքների կլինիկան և բուժումը» թեմայով թեկնածուական ատենախոսությունը։

1956 թվականին գիտնականն զբաղեցրել է բժշկական ինստիտուտի հոսպիտալային վիրաբուժության ամբիոնի դոցենտի պաշտոնը՝ դիմածնոտային վիրաբուժության գծով, իր գործունեությամբ նոր թափ հաղորդել հանրապետությունում դիմածնոտային վիրաբուժության զարգացմանը և տվյալ ճյուղի համար անհրաժեշտ կադրերի պատրաստման աշխատանքներին։ Հոսպիտալային վիրաբուժության ամբիոնում աշխատելու տարիներին լայն գործունեություն է ծավալել քթի դեֆորմացիաների և արատների ուսումնասիրության ուղղությամբ՝ որոնելով վիրահատական բուժման նոր և արդյունավետ եղանակներ։

Ի մի բերելով իր կլինիկական և գիտահետազոտական աշխատանքների արդյունքները՝ 1963-ին պաշտպանել է «Քթի դեֆորմացիաները և դեֆեկտները ու նրանց վիրահատական բուժման եղանակները» թեմայով դոկտորական ատենախոսությունը։

Բժշկական ինստիտուտի կազմում 1963 թվականին հիմնադրել և ղեկավարել է ստոմատոլոգիայի ամբիոնը, որը փաստորեն դարձել էր կլինիկական և գիտահետազոտական աշխատանքների կենտրոն։

1968 թվականին ընտրվել է վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, այդ պաշտոնը վարել մինչև 1982 թվականը։

Նա 1965 թվականին հրատարակել է ստոմատոլոգիայի հայերեն աոաջին դասագիրքը։

Գիտնականը երկար տարիներ եղել է առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգը, հանրապետության ստոմատոլոգների գիտական ընկերության նախագահը, համամիութենական ընկերության վարչության անդամ, «ստոմատոլոգիա» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ։